ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
TV«Ագարակ» մաքսային անցման կետում, ԻԻՀ-ից մուտք գործած բեռնատարի մաքսային զննության արդյունքում, մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցի վարորդի խցիկից հայտնաբերել են չհայտարարագրված բնական մազեր: Խցիկում առկա բարձերի միջից հայտնաբերվել են 143 կապ բնական մազեր` 26 կգ. քաշով :
Ոչ օրինական ճանապարհով բնական մազերի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերվածը` առգրավվել: ԻԻՀ քաղաքացու նկատմամբ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները կազմել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ համաձայն «Մաքսային կարգավորման մասին օրենքի» 316-րդ հոդվածի հատկանիշներով:
Նշենք, որ վերջին շրջանում նմանօրինակ դեպքերն աճել են: Տարեսկզբից մինչև հունիս ամիսն ընկած հատվածում բացահայտվել է չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված բնական մազերի ներկրման 11 դեպք, փորձ է արվել ՀՀ պետական սահամանով ներմուծել ընդհանուր 621 կապ` 135.7 կգ բնական մազեր:
Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց կոչ է անում խստորեն պահպանել մաքսային օրենսդրության պահանջները, հայտարարագրել սահմանով տեղափոխվող բոլոր ապրանքները և զերծ մնալ մաքսային հսկողությունից ապրանքներ թաքցնելու կամ չհայտարարագրելու փորձերից։