Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Նորայր Նորիկյանը հայտնեց, որ Գյումրիում տեղի ունեցած հրեշավոր հանցագործության նախաքննությունը պետք է իրականացվեր Հայաստանում: Այս մասին տեղեկացնում է Orer.am-ը:
Պարոն Նորիկյանը հայտնում է, որ 1995-97 թթ. Հայաստանի տարածքում ռուսական ռազմական բազայի և այդ բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրի համաձայն` ռուսական բազայի կազմում ընգրկված անձանց կողմից հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը՝ Հայաստանի օրենսդրության կիրառմամբ:
Փաստաբանի համար անհասկանալի է դատախազության այն հայտարարությունը, որում նշվում է, թե կասկածյալը չի կարող հանձնվել Հայաստանին՝ ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածով:
Այդ առումով Նորիկյանը որոշակի հարցեր ունի.
«Ի՞նչ կապ ունի ՀՀ-ում ՌԴ սահմանադրությունը և նրա 61-րդ հոդվածը: Ո՞ր իրավական հիմքով էին ռուսական ռազմաբազայի զինծառայողները՝ մինչև ատամները զինված, շրջում Հայաստանի տարածքում և որոնում հանցագործին: Ինչո՞վ է պայմանավորված ՌԴ-ի այս նախանձախնդրությունը՝ քրեական գործի հետագա ընթացքն իր վերահսկողության տակ վերցնելը»:
Բանախոսի համար տրամաբանությունից դուրս է Պերմյակովի տված ցուցմունքը, ըստ որի` նա այդ տուն էր մտել ջուր խմելու նպատակով: Նորիկյանը չի բացառում, որ այս սպանության գործում ուրիշ մասնակիցներ նույնպես կան:
Լևոն Փանոսյան