Երեկ` հունվարի 15-ին, Ազատության հրապարակից բերման է ենթարկվել 38 անձ, որոնք բոլորն էլ ազատ են արձակվել: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Բերման ենթարկվածներից մեկի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, իսկ երկուսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ, կատարվում է հետաքննություն:
Գյումրիում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանություն է տարվել 21 անձ, որոնցից 19-ի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել: Բոլորը բաց են թողնվել:
Հիշեցնենք, որ վերջին օրերին բողոքի ակցիաներ և մոմավառություններ են եղել Երևանում, Գյումրիում և այլ քաղաքներում:
Գյումրիում դատախազության մոտ ակցիայից հետո ցուցարարներն ուղևորվել էին հյուպատոսարանի շենքի մոտ, որտեղ բախումներ էին եղել, ոստիկանները լուսածխային նռնակներ են կիրառել՝ բազմությանը ցրելու համար: Մարմնական վնասվածքներ էին ստացել 15 մարդ, որոնցից 6-ը ոստիկաններ և 9 քաղաքացիներ: Երեկ ողջ օրվա ընթացքում բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Երեւանում: