ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի որոշման հիման վրա, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի 15.01.2015թ. որոշմամբ Վալերի Պերմյակովին տրամադրվել է հանրային պաշտպան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ, 69-րդ և 70-րդ հոդվածների, ինչպես նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 41-րդ և 45-րդ հոդվածների հիման վրա: Այս մասին Orer.am-ին հայտնեց Փաստաբանների պալատի մամլո խոսնակ Հայկ Հակոբյանը:
Վերջինս հայտնեց, որ փաստաբանի անուն ազգանունը անվտանգությունից ելնելով չի նշվում:
Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի վեց անդամի սպանության համար:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: