Կրասնոդարի մարզի դատախազությունը տեղեկացնում է, որ Սոչիի դատարան է ուղարկել Հայաստանի քաղաքացի Աշոտ Առաքելյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ով, գտնվելով ՌԴ-ում, Կրեմլում ծրագրվելիք պայթյունի մասին կեղծ հաղորդագրություն է տարածել:
Այս մասին հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով RIA Novosti-ին:
«ՀՀ քաղաքացին, ցանկանալով իր հանդեպ ուշադրություն գրավել, զանգահարել է Սոչիի ներքին գործերի վարչության հերթապահ մաս ու հայտնել սուտ տեղեկատվություն Կրեմլում նախապատրաստվող պայթյունի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքը, որի պատճառով ձերբակալվել էր 37-ամյա Առաքելյանը, տեղի է ունեցել հունվարի 15-ին:
Հարուցվել է քրեական գործ «Ահաբեկչության ակտի մասին կեղծ հաղորդագրություն թողնելու» հոդվածով: Տղամարդուն սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում:
Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: