ԻՊ-ի զինյալների մասնակցությամբ տեսանյութը չի ահաբեկի ֆրանսիացիներին. Օլանդ
International newsՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից հրապարակված տեսանյութը չի ստիպի Ֆրանսիային՝ հրաժարվել ահաբեկչության դեմ մղվող պայքարից, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով BBC-ին:
«Ոչինչ չի վախեցնի մեզ, ոչ մի սպառնալիք չի կարողանա սասանել Ֆրանսիան ահաբեկչության դեմ մղվող պայքարում»,-լրագրողներին ասել Է Ֆրանսիայի նախագահը՝ Հնդկաստան պաշտոնական այցի ընթացքում:
Տեսահոլովակը, որում ցուցադրված են Փարիզում նոյեմբերյան հարձակումների ենթադրվող մասնակիցները, զետեղված Է խմբավորման ալիքներից մեկում:
Այսօրվա դրությամբ նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված հարձակումների ինը մասնակիցներ սպանված են, եւս երկուսը հետախուզման մեջ են:
Տեսահոլովակը նկարահանվել Է անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած հարձակումից առաջ, բայց հրապարակվել Է հունվարի 24-ի երեկոյան: Դրանում «անհավատների» հասցեին սպառնալիքներ են հնչում Լոնդոնի Թաուերի կամրջի եւ Սուրբ Պետրոսի տաճարի լուսանկարների ֆոնին: Ահաբեկիչների պնդմամբ՝ իրենք պատրաստ են հարվածներ հասցնել «ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում»:
Ենթադրվում է, որ դա զինյալների վերջին տեսագրությունն է այն բանից առաջ, երբ նրանք մեկնեցին Ֆրանսիա եւ իրականացրին ահաբեկչությունը:
2015 թվականի նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում կատարվել են մի շարք ահաբեկչական գործողություններ, որոնց հետեւանքով զոհվել է 130 մարդ, տուժել է եւս ավելի քան 350 հոգի: Դրանց պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: