ԻՊ-ի զինյալների մասնակցությամբ տեսանյութը չի ահաբեկի ֆրանսիացիներին. Օլանդ
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից հրապարակված տեսանյութը չի ստիպի Ֆրանսիային՝ հրաժարվել ահաբեկչության դեմ մղվող պայքարից, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով BBC-ին:
«Ոչինչ չի վախեցնի մեզ, ոչ մի սպառնալիք չի կարողանա սասանել Ֆրանսիան ահաբեկչության դեմ մղվող պայքարում»,-լրագրողներին ասել Է Ֆրանսիայի նախագահը՝ Հնդկաստան պաշտոնական այցի ընթացքում:
Տեսահոլովակը, որում ցուցադրված են Փարիզում նոյեմբերյան հարձակումների ենթադրվող մասնակիցները, զետեղված Է խմբավորման ալիքներից մեկում:
Այսօրվա դրությամբ նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված հարձակումների ինը մասնակիցներ սպանված են, եւս երկուսը հետախուզման մեջ են:
Տեսահոլովակը նկարահանվել Է անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած հարձակումից առաջ, բայց հրապարակվել Է հունվարի 24-ի երեկոյան: Դրանում «անհավատների» հասցեին սպառնալիքներ են հնչում Լոնդոնի Թաուերի կամրջի եւ Սուրբ Պետրոսի տաճարի լուսանկարների ֆոնին: Ահաբեկիչների պնդմամբ՝ իրենք պատրաստ են հարվածներ հասցնել «ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում»:
Ենթադրվում է, որ դա զինյալների վերջին տեսագրությունն է այն բանից առաջ, երբ նրանք մեկնեցին Ֆրանսիա եւ իրականացրին ահաբեկչությունը:
2015 թվականի նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում կատարվել են մի շարք ահաբեկչական գործողություններ, որոնց հետեւանքով զոհվել է 130 մարդ, տուժել է եւս ավելի քան 350 հոգի: Դրանց պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: