Չինաստանում 8 հազար մարդու են վերաբնակեցնում խոշորագույն ռադիոհեռադիտակի բացման համար
International newsՉինաստանի իշխանությունները սկսել են վերաբնակեցնել 8 հազար մարդու, որոնք ապրում են աշխարհի ամենախոշոր FAST ռադիոհեռադիտակից ոչ հեռու: Հեռադիտակի շինարարությունը ավարտվելու է սեպտեմբերին, հայտնում է «Սինհուա» գործակալությունը ՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ֆուտբոլի 30 դաշտերի մակերեսի չափ տեղ զբաղեցնող ռադիոհեռադիտակի շինարարությունը սկսվել է 2011-ի մարտին: Հեռադիտակը գտնվում է բարձր սարերում ՝ Չինաստանի հարավ արեւմտյան Գույչժոու նահանգում: Հեռադիտակի տրամաչափը 500 մետր է: Նախագծում արվել է 1.2 մլրդ յուանի ներդրում:
Այդ տարածքում բնակվող մարդկանց համար իշխանությունները 600 նոր տուն են կառուցել երկու նոր բնակավայրերում, որոնք նրանց նախկին բնակության վայրից մոտ 10 կմ հեռավորության վրա են գտնվում: Այդ նպատակների համար իշխանությունները մոտ 269 մլն դոլար են ծախսել: Բնակիչները կարող են կամ նոր տուն ստանալ, կամ էլ վերցնել կանխիկ գումարը՝ որպես փոխհատուցում: Այդ մարդկանց նաեւ աշխատանք կառաջարկեն հեռադիտակի աջակցության ծառայություններում կամ զբոսաշրջության ոլորտում:
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր, որ FAST–ը միացվելու է աշխարհի ամենաարագ համակարգիչներից մեկի ՝ Sky Eye 1-ի հետ՝ աստղագիտական հաշվարկներ անցկացնելու համար՝ այլ մոլորակներում կյանք որոնելու նպատակով: Ակնկալվում է, որ նոր հեռադիտակը կօգնի զգալիորեն բարձրացնել Չինաստանի հնարավորությունները բաց տիեզերիքի ուսումնասիրության ոլորտում: