Ալիևն այնքան է հմտացել, որ կարող է բռնատիրության թեմայով սեմինար անցկացնել. The Washington Post
International newsՀեղինակավոր The Washington Post պարբերականի խմբագրակազմը հանդես է եկել ծավալուն հոդվածով, որում քննադատվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմը:
Հոդվածում ներկայացվում է Ալիևի բռնատիրական ռեժիմի ամենակարկառուն ընդդիմախոսներից մեկի՝ անկախ լրագրող Աֆղան Մուխթարլըի ձերբակալության դեպքը: Հայտնի է, որ լրագրողը, վախենալով իշխանական հետապնդումներից, 2015թ. մեկնել էր Վրաստան, սակայն «Ադրբեջանի ոստիկանությունն անցավ երկրի սահմաններից դուրս ու կարողացավ Վրաստանից հետ բերել լրագրողին»:
Հոդվածի հեղինակներն ուշագրավ են համարում այն փաստը, որ անհետանալու ժամանակ Մուխթարլըն հետաքննում էր Ալիևի՝ Վրաստանում ունեցած անձնական հաշիվները: Հայտնի է, որ լրագրողին առևանգել են Թբիլիսիում նրա տան մոտից, ծեծել են, աչքերը կապել, բերել վրաց-ադրբեջանական սահման, որտեղ նրա գրպանն են մտցրել 10.000 եվրո: Դրանից հետո ադրբեջանական իշխանությունները նրան մեղադրել են սահմանն ապօրինի հատելու ու մաքսանենգությամբ զբաղվելու համար: Այդ դեպքից ամիսներ են անցել, բայց Մուխթարլըն դեռևս բանտում է:
«Մուխթարլըի դեպքը գարշելի է: Ալիևը հեշտորեն կարողացավ իր բռնի մեթոդները կիրառել մեկ այլ երկրի՝ Վրաստանի սրտում: Թեև Եվրոպական խորհրդարանը դատապարտող բանաձև է ընդունել, այնուհանդերձ՝ նման պահվածքն, ինչպես պետքն է, չի արժանացել միջազգային հանրության կտրուկ դատապարտմանը: ԱՄՆ պետքարտուղարությունն ուղղակի կարճ հայտարարությամբ ասաց, որ «մտահոգված է առևանգման դեպքի առնչությամբ»: Նման կաշկանդվածությունը կարող է Ալիևի կողմից ընկալվել հետևյալ կերպ՝ նախագահ Թրամփի կառավարման օրոք Միացյալ Նահանգներին չի մտահոգում այլ պետություններում մարդու իրավունքների պաշտպանությունն ու օրենքի գերակայությունը»,-նշվում է հոդվածում:
Հեղինակները հավելում են, որ Ալիևն այնքան է հմտացել բազմապիսի հետամնաց մեթոդների կիրառման հարցում, որ կարող է բռնատիրության թեմայով սեմինար անցկացնել:
«Եվ ցավոք, այդ սեմինարների ժամանակ դասասենյակը լեփ-լեցուն կլինի»,-նկատում է WP-ի խմբագրակազմը:
Այս պատմության մեջ ուշադրությունը հրավիրվում է նաև Վրաստանի ունեցած մութ դերակատարման վրա:
«Դեպի Եվրոպական միություն ու ժողովրդավարություն ձգտող Վրաստանը ներքաշվա՞ծ է արդյոք ադրբեջանցու սահմանային առևանգման գործում: Հայտնի է, որ Վրաստանի իշխանությունները հերքել են դա ու խոստացել հետաքննություն սկսել, բայց առ այսօր չնչին գործ է արվել: Վրաստանը ճիշտ կաներ, եթե հնարավորինս արագ ներկայացներ առևանգման մասին ամբողջ ճշմարտությունը, իսկ Ադրբեջանն էլ պետք է ազատ արձակի Մուխթարլըին: Բացի այդ, լավ կլինի, եթե ավելի շատ երկրներ դատապարտեն Ալիևի կեղտոտ հնարքները. դա կարող է զսպել բռնապետի ձեռքերը», -եզրափակում է WP-ն: