Վանաձորի մարզապալատում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով ձևավորվելու է Հայաստանի ազգային ընտրանին: Վերջինս նախաօլիմպիական մրցաշրջանում կսկսի պատրաստվել կարևորագույն մրցաշարերին:
Մրցաշարի առաջին օրը մրցագորգ են դուրս եկել 59 կգ, 71 կգ, 80 կգ և 98 կգ քաշային ըմբիշները: Sport Times.am-ի թղթակիցը Վանաձորից տեղեկացնում է, որ Երևանի ժամանակով16:00-ին մեկնարկելու են եզրափակիչ գոտեմարտերը:
Նշենք, որ հավաքականի մարզչական խորհրդի թույլատրությամբ ստուգատեսին չեն մասնակցում անցած մրցաշրջանի հերոսները՝ աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ):
Հավելենք, որ առաջնության ավարտից 1 շաբաթ հետո՝ փետրվարի 4-18-ը կընթանա նոր կազմավորված ընտրանու ուսումնամարզական հավաքը: Վերջինիս կհաջորդի տարվա առաջին միջազգային լուրջ փորձությունը՝ փետրվարի 18-19-ը Թեհրանում անցկացվելիք հունահռոմեական ոճի աշխարհի թիմային գավաթի խաղարկությունը: