«Ջաբհա ան Նուսրա»-ն ազատ է արձակել 300 քուրդ տղամարդկանց
Международные новости«Ջաբհա ան Նուսրա» իսլամիստ ծայրահեղականներն ապրիլի 6-ին ազատ են արձակել 300 քուրդ տղամարդկանց, որոնց ապրիլի 5-ին առևանգել էին Սիրիայի հյուսիսում:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչ Նուաֆ Խալիլը հաստատել է քրդերին ազատ արձակելու լուրը:
«Ալ Կաիդա»-ի հետ կապված «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչները քրդերին առևանգել էին Դամասկոսի և Հալեպի միջև գտնվող Աֆրին գյուղաքաղաքի ճանապարհին: Նրանք ազատ էին թողել կանանց և երեխաներին և առևանգել 300 տղամարդկանց՝ տանելով Իբլիբի մարզի Դանա քաղաք:
«Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը կազմավորվել է 2011թ. Սիրիայի տարածքում: Խմբավորման ղեկավարն Ադնան ալ Հաջ Ալին է, ով Սիրիա էր մեկնել Իրաքից ԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի հանձնարարությամբ, որպեսզի զինված պայքար մղի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների դեմ:
Խմբավորումն իր մասին պաշտոնապես հայտարարել է 2012թ. փետրվարին:
Այն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ԱՄՆ-ի, ՄԵԾ Բրիտանիայի, նաև Ռուսաստանի կողմից: