Իրանի նախագահը Սաուդյան Արաբիային կոչ է արել դադարեցնել ռմբակոծությունը Եմենում
Международные новостиԻրանի նախագահ Հասան Ռոհանին Սաուդյան Արաբիային կոչ է արել դադարեցնել օդային հարվածները Եմենում հուսիների դեմ, որոնք շարունակվում են երկու շաբաթ:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, նա ավելացրել է, որ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով: «Տարածաշրջանի երկրները պետք է հորդորեն հակամարտող կողմերին նստել երկխոսության սեղանի շուրջ»,- նշել է Ռոհանին:
Նման հայտարարությամբ հանդես է եկել նաև Ռուսաստանը: Արտաքին գործերի փոխնախարար, Մերձավոր Արևելքում Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Միխայիլ Բոգդանովը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և երկխոսություն սկսել:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին PBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանին թույլ չի տա միջամտել Եմենի իրադարձություններին: «Իրանը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ը ուղղակի չի հետևելու, թե ինչպես է իրավիճակը տարածաշրջանում ապակայունանում, իսկ ինչ-որ մեկը գաղտնի օգնություն է ցուցաբերում»,- նշել է Քերին:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Իրանը երկու ռազմական նավ է ուղարկել Ադենի ծոց և Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջան:
«Վճռականության փոթորիկ» գործողությունը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել է մարտի 26-ի գիշերը: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Արաբական դաշինքին միացել են Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն, Պակիստանը և Սուդանը:
Արաբական դաշինքի ուժերի ղեկավար Ահմադ Ասիրին հայտարարել է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի իշխանության վերականգնումը: