Սիրիական բանակը Զաբադանիի շրջանում նոր տարածքներ է ազատագրել
Международные новостиՍիրիական բանակը Դամասկոսի մերձակայքում գտնվող Զաբադանիի շրջանում ռազմական գործողություններ ծավալելու շրջանակներում իր հսկողության տակ է առել Աբդ Ալլահ ամրոցը և Զաուաբիկ բլուրը: Ինչպես հաղորդում է սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը, տեղի ունեցած բախումների ընթացքում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման տասնյակ անդամներ են սպանվել: Սիրիական բանակը մարտի 31-ին հս կողություն էր հաստատել Զաբադանիի արևմտյան բարձունքների և բլուրների վրա: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ՝ զինյալները լուրջ կորուստներ են կրել Համիդիե գյուղում:
Դարաայում և մերձակա գյուղերում նույնպես մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել: Բանակը կանխել է զինված ահաբեկչական խմբավորումների մուտքը հին Հալեպի թաղամասեր: Հոմսի, Հասաքեի, Դեր Զորի մարզերում բանակը պայքարում է «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ: Մարզերի տարբեր շրջաններում ԻՊ-ի տասնյակ ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել:
Սիրիայի կառավարության աջակցությամբ Սիրիայի կարմիր մահիկ կազմակերպության և օգնության բարձրագույն կոմիտեի համագործակցության արդյունքում Դամասկոսի Յալդա, Բիբլա և Բեյթ Սահմ գյուղաքաղաքներին մարդասիրական օգնություն է տրամադրվել: 18 բեռնատարները տեղափոխել են երեխաների համար անհրաժեշտ պարագաներ, մաքրող միջոցներ, մթերքներ:
Սիրիական համակարտության չորս տարիների ընթացքում Սիրիայի բնակչությունը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Միլիոնավոր սիրիացիներ գաղթական են դարձել երկրի ներսում կամ տեղափոխվել են հարևան Լիբանան, Հորդանան, Թուրքիա: Չորս տարիների ընթացքում զոհվել է ավելի քան 220 հազար մարդ: