Սիրիայի կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունները վերջնական փաստաթուղթ են ընդունել
Международные новостиՍիրիայի կառավարական և ընդդիմության պատվիրակության անդամները Մոսկվայում բանակցությունների երկրորդ փուլի ժամանակ վերջնական փաստաթուղթ են ընդունել: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, փաստաթուղթը կազմված է տասը կետերից, որտեղ նշվել է սիրիական ճգնաժամի կարգավորման անհրաժեշտությունը՝ ըստ Ժնևյան 2012թ. համաձայնագրի: Փաստաթղթում նաև նշվել է տնտեսական պատժամիջոցները հանելու և ահաբեկչությանն աջակցող երկրների վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին:
Տասը կետերի մեջ ընդգրկվել է քաղաքական լուծման հասնելու անհրաժեշտությունը, որի միակ ուղին սիրիացիների միջև առանց արտաքին միջամտության երկխոսությունն է:
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ մոսկովյան բանակցությունների երկրորդ հանդիպումը վկայում է, որ գործընթացը զարգանում է: «Ռուսաստանը հակված է միջսիրիական երկխոսության անկացմանն առանց նախապայմանների և հնարավոր ամեն ինչ կանի այն իրագործելու համար»,- նշել նա:
Սիրիայի ընդդիմադիր «Փոփոխության և ազատության ազգային ճակատի» ղեկավար Կադրի Ջամիլը միջսիրիական խորհրդակցություններից հետո նշել է, որ կարելի է խոսել աշխատանքային փաստաթղթի վերաբերյալ ընդհանուր հայտարարի գալու մասին, որն ընդունվել է ընդդիմադիր տարբեր խմբավորումների կողմից: «Սա աննախադեպ ձեռքբերում է, որի հիման վրա կկառուցվեն հետագա քայլերը»,- նշել է Կադրի Ջամիլը: Նա նաև նշել է, որ որոշ կետերի վերաբերյալ տարաձայնություններ են եղել:
Մոսկվայում սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև առաջին փուլի հանդիպումներն ընթացել են հունվարի 26-ից 29-ն ընկած ժամանակահատվածում: Հանդիպումների ընթացքում սիրիական կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունները համաձայության են եկել մի շարք հարցերի շուրջ, որոնք ստացել են «մոսկովյան սկզբունքներ» անվանումը: Սկզբունքների մեջ առաջնային էր Սիրիայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պահպանումը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցը: