ԵԽԽՎ նախագահը ԼՂ հակամարտությունը կարգավորման միակ ուղի է համարում երկխոսությունը
Международные новостиԼեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության միջոցով և բռնությունն անընդունելի է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը լուրջ մտահոգություն է նաև մեզ համար: Երկխոսությունը միակ ելքն է, որի օգնությամբ պետք է լուծում գտնվի: Բռնությունը մեզ համար անընդունելի է»,- ասել է Բրասյորը:
Նա հայտնել է, որ ԵԽԽՎ-ն մշակելու է զեկույց ԼՂ հակամարտության վերաբերյալ, և դրա պատրաստման նպատակը ոչ թե Մինսկի խմբի գործընթացներին միջամտելն է, այլ լուծումներ որոնելու և գտնելու գործընթացին նպաստելը: ԵԽԽՎ նախագահը հույս հայտնեց, որ հայկական կողմն ակտիվորեն կմասնակցի զեկույցի պատրաստման գործին, որպեսզի այն ապահովի հավասարակշռված մոտեցում:
Անն Բրասյորը Հայաստանում է ապրիլի 13-15-ը: Այցի ընթացքում նա կհանդիպի Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանի , ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Անն Բրասյորը հանդիպումներ կունենա նաև ԱԺ խմբակցությունների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: