Ադրբեջանը, չունենալով սեփական անցյալը, քարտեզագրության մեջ հանդես է գալիս տարբեր բնույթի կեղծարարությամբ: Դեռևս 1960-ականներից նրանք նոր քարտեզներ են գծում, որում Պարսկաստանի (ներկայում' Իրան) մեկ քարորդը մինչև Կովկասյան լեռներից հյուսիս ներկայացվում է որպես Ադրբեջան, իսկ Պարսկաստանի ու Հայստանի անվանումը չի նշվում:
Այս մասին քարտեզի միջազգային օրվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց 1992-2000թթ . Լոնդոնում Հայաստանի պատվո հյուպատոս, Լոնդոնի «Armenian institute» գիտական, մշակութային կազմակերպության հիմնադիր-հոգաբարձու, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ, Հայաստանի հնագույն և միջնադարի քարտեզների վերաբերյալ մի քանի աշխատությունների հեղինակ Ռուբեն Գալիչյանը: «Ադրբեջանի Հանրապետությունը մինչև 1918 թվականը ոչ մի քարտեզի վրա Արաքսից հյուսիսում գոյություն չի ունեցել: Իսկ երբ Ադրբեջանի կեղծարարությունը ցույց ես տալիս քարտեզից գաղափար ունեցող օտարին, դա նրա համար ավելի քան ծիծաղելի է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց բանախոսը:
Ռուբեն Գալիչյանը մոտ 40 տարի զբաղվել է քարտեզների ուսումնասիրմամբ և ամենամեծ զարմանքն ապրել, երբ Մեծ Բրիտանիայի թանգարաններից մեկում հանդիպել է այսօրվանից մոտ 2 հազար 600 տարի առաջվա աշխարհացույց քարտեզի: «Այն կավե սալիկ է, որի վրա երեք երկիր է նշված՝ Ասորեստան, Հայաստան և Բաբելոն: Այդ երեքից երկուսն այսօր գոյություն չունեն, երրորդը' Հայասանը' Ուրարտուն, գոյություն ունի: Դրան զուգահեռ կա նույն շրջանի պարսկական արձանագրություն, որտեղ երեք լեզվով նշված է Հայաստանում տեղի ունեցած խռովությունների ու հեղափոխոթյունների մասին»,-նշեց Ռուբեն Գալիչյանը' հավելելով, որ պետք է մենք ինքներս ճանաչենք մեր քարտեզները, որպեսզի կարողանանք օտարներին ներկայացնել այն: «Տարիներ շարունակ աշխատեցի իմի բերել ոչ միայն հայերի, այլև օտարների կողմից ստեղծված քարտեզների ժողովածուն, որտեղ առկա է նաև Հայաստանը: Եթե ցանկանում ենք, որ աշխարհը մեզ ճանաչի, առաջին հերթին, մենք պետք է մեզ ճանաչենք և այն, թե ինչպես են օտարները մեզ ճանաչել»,-հավելեց քարտեզագետը:
Սեպտեմբերի 3-ը անհատների նախաձեռնությամբ նշվում է որպես Հայաստանի Հանրապետության և Արցախի միացյալ քարտեզի օր: