Եվրահանձնաժողովը Ադրբեջանին եւ Թուրքմենստանին կոչ է արել վերածնել Անդրկասպյան գազատարի կառուցումը
Международные новостиԵվրահանձնաժողովը Ադրբեջանին եւ Թուրքմենստանին առաջարկել է նորացնել Անդրկասպյան գազատարի կառուցման գծով փոխըմբռնման մասին հուշագիրը:
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի Էներգետիկական միության գծով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը` «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում:
«2011 թվականից Եվրահանձնաժողովը մանդատ ունի Անդրկասպյան գազատարի կառուցման գծով Թուրքմենստանի եւ Ադրբեջանի հետ փոխըմբռնման մասին հուշագրի շրջանակում բանակցություններ անցկացնելու համար: Այժմ մենք Ադրբեջանին եւ Թուրքմենստանին առաջարկել ենք նորացնել այդ հուշագիրը, սպասում ենք պատասխանի եւ տեսնենք, թե ինչպես կանցնեն բանակցությունները», -ասել է նա:
Շեւչովիչը նշել է, որ Հարավային գազային միջանցքի նախագծի շրջանակում կարելի է գազի մատակարարումներ ակնկալել նաեւ Իրաքից եւ Իրանից` հաշվի առնելով վերջին դիվանագիտական բեկումը Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Անդրկասպյան գազատարով նախատեսվում է Թուրքմենստանի արեւելյան հանքավայրերից գազի փոխադրում` Թուրքիայով դեպի Եվրոպա:
Հետաքրքիր է, որ Բրյուսելի այդ առաջարկը Ադրբեջանում որպես սադրանք են բնութագրել: Մասնավորապես, իշխանամետ virtualaz. org կայքը գրել է, որ այդ առաջարկով Բրյուսելը Ադրբեջանին սադրանքի մեջ է ներքաշում, որպեսզի կրկնի Ուկրաինայի ճակատագիրը:
«Այն դեպքում, երբ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը դադարեցրել է «Հարավային հոսք» գազատարի նախագիծը եւ գործի դրել ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրելու երթուղին կրկնող «Թուրքական հոսք» նախագիծը, իսկ Հունաստանի կառավարությունն էլ խոչընդոտներ է հարուցում ադրբեջանական գազը Եվրոպայի հարավ հասցնելու Անդրադրիատիկ գազատարի նախագծի իրագործմանը, Բրյուսելը Ադրբեջանին եւ Թուրքմենստանին ներքաշում է ռիսկային նախագծի` նույնիսկ ավանտյուրայի մեջ», -գրել է կայքը: