Թուրքիան արգելել է Միլորադ Դոդիկի ինքնաթիռի թռիչքն իր տարածքով
Международные новостиԲոսնիա եւ Հերցեգովինայի կազմում Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը չի կարողացել գալ Երևան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ինչպես հաղորդում է Radiosarajevo ռադիոկայանը` վկայակոչելով նախագահի գրասենյակը, Դոդիկը վերադարձել է Բանյա Լուկա ` Բուրգասի օդանավակայանում մի քանի ժամ սպասելուց հետո: Միլորադ Դոդիկի գրասենյակից հայտնել են, որ թուրքական իշխանությունները թույլ չեն տվել, որ ինքնաթիռը թռչի իր երկրի տարածքով:
Բոսնիա եւ Հերցեգովինայի կազմում Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկի այցը նախատեսված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում: Օրերս Միլորադ Դոդիկը «1915-1917թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» հայտարարություն էր ուղարկել խորհրդարան: «Հարկավոր է աշխատանքներ տանել մարդու իրավունքների, միջազգային քրեական իրավունքի պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաեւ ընդգծել, որ մարդկության դեմ իրագործված հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, եւ պետք է ներդրում ունենալ ցեղասպանության ժխտման դեմ պայքարում»,- ընդգծել էր Դոդիկը: