Լիբանանցի պատգամավորը կոչ է անում երաշխավորել, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն այլեւս չկրկնվի
Международные новостиԼիբանանի խորհրդարանի պատգամավոր Ղասան Մուխայբերը թեպետ հայ բարեկամներ չունի, սակայն խոստովանում է, որ հպարտանում է հայերով: Պատճառը ոչ միայն հայ ժողովրդի համառությունն է ու գոյատեւելու կամքը, այլեւ այն, թե ինչպես Ցեղասպանությունից փրկվածները կարողացան Լիբանանում հաստատվել ու դառնալ հասարակության մի մասը
«Ես հայ բարեկամներ չունեմ, բայց հպարտանում եմ ձեզնով: 1915 թվականին Լիբանանն ընդունել է փախստականների մի մեծ բազմություն: Նրանք շատ ակտիվ են, մենք բոլորս հպարտանում ենք նրանցով: Նրանք ոչ միայն Ցեղասպանություն են վերապրել, այլև ցույց են տալիս, որ վերապրածները կարող են լինել ստեղծարար մտքի տեր»,- «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի ժամանակ նշեց պատգամավորը` հավելելով, որ Լիբանանի խորհրդարանի կեսը քրիստոնյաներ են, կեսը մուսուլմաններ, սակայն դա չի խանգարել, որ Լիբանանի խորհրդարանը միաձայն ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«Շատ կարևոր է, որ միաձայն է ընդունվում որևէ որոշում: Ես հպարտանում եմ իմ երկրով: Վաղը Լիբանանի դպրոցներում աշակերտները դպրոց չեն գնալու և Բեյրութում քայլարշավ է լինելու: Մենք պետք է փորձենք պայքարել ցեղասպանությունների դեմ, կարողանանք կանխարգելել դրանք, քանի որ այսօր էլ դրանք շարունակվում են: Սիրիայում, Լիբանանում մշակույթներ են ոչնչացվում, մեր պարտականությունն է ոչ միայն բարձրաձայնել, այլև պահանջել, որ այլևս չկրկնվեն ոճրագործություններ և Օսմանյան կայսրության սխալները: Օսմանյան կայսրությունը նոր անուն է ստացել, բայց գործողո ւթյունները նույնն են մնացել: Մենք պետք է երաշխավորենք, գործենք, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը չշարունակվի»,- շեշտեց նա: