Թուրքիան այժմ 7 երկրներում դեսպան չունի, հերթը հասել է Մոսկվային եւ Բեռլինին. «Հուրիեթ»
Международные новостиԹուրքիան ներկա դրությամբ 7 երկրներում դեսպան չունի` տարբեր պատճառներով նրանց հետ կանչելու արդյունքում, եւ ինչպես երեւում է` հերթը հասել է Մոսկվային եւ Բեռլինին:
Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը` նշելով, որ վերջին երկիրը, որտեղից Թուրքիան հետ է կանչել իր դեսպան Հասան Գյողուշին, Ավստրիան է, իսկ պատճառն է այդ երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:
Վերջին երեք տարիների ընթացքում Թուրքիան իր դեսպաններին հետ է կանչել Եգիպտոսից, Սիրիայից, Իսրայելից, Լիբիայից, Եմենից, Վատիկանից եւ Ավստրիայից: Մինչ այժմ Թուրքիան այդ երկրներում նոր դեսպաններ դեռեւս չի նշանակել:
Թերթը գրում է, որ հնարավոր է` Անկարան իր դեսպանին հետ կանչի նաեւ Մոսկվայից, քանի որ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը 1915 թվականի իրադարձությունների հետ կապված Մոսկվայում կազմակերպված միջոցառման ժամանակ հայկական ջարդերը «ցեղասպանություն» է բնութագրել:
Ըստ թերթի` Թուրքիան կարող է իր դեսպանին հետ կանչել նաեւ Բեռլինից, եթե, ինչպես ենթադրվում է, Գերմանիայի Դաշնային խորհրդարանը ապրիլի 24-ի իր նիստում ընդունելիք բանաձեւում 1915 թվականի իրադարձությունները բնութագրի «ցեղասպանություն»:
2012-2014 թվականների ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով Թուրքիան իր դեսպաններին հետ է կանչել 12 երկրներից: Չնայած Անկարայի այդ ջղագրգիռ քայլերին, կարճ ժամանակ հետո Թուրքիան վերադարձրել կամ նոր դեսպաններ է նշանակել Հայոց ցեղասպանությունը ճանաչացած այդ երկրներում: