Թուրքիայում «ցնցված» են Գերմանիայի նախագահ Գաուկի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումով
Международные новостиԲեռլինի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի` Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արած հայտարարությունը, որում նա ասել է, որ անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի հետ պատահածը ցեղասպանություն է, ցնցում է առաջացրել Թուրքիայում:
Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը:
Թերթը մեջբերել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի նախագահի ելույթից հետեւյալ հատվածը. «Մենք այս պահին հայ ժողովրդի հետ ցավում ենք, ովքեր հարյուր տարի առաջ հարյուր հազարներով ծրագրավորված եւ համակարգված կոտորածների զոհ դարձան: Առանց որեւէ տարբերության` կանայք եւ տղամարդիկ, երեխաներն ու ծերունիներն ուղարկվեցին մահվան երթերի, առանց որեւէ պաշտպանության ու սննդի, տափաստաններում ու անապատներում հրկիզվեցին, հետապնդվեցին, սպանվեցին եւ ողջակիզվեցին: Այս ծրագրված եւ հաշվարկված հանցագործությունը հայերի դեմ մի պատճառ ուներ. որովհետեւ նրանք հայեր էին: Բացի այդ, այն հարվածեց նաեւ նրանց բախտակիցներին` պոնտացի հույներին, ասորիներին ու արամեացիներին:
Մենք հիշում ենք զոհերի մասին, քանզի նրանք ու նրանց ճակատագիրը չպետք է մոռացության մատնվեն: Զոհերի մասին հիշողությունը կիսատ չէր լինի, եթե չլիներ դահիճների լռությունը: Առանց դահճի չկա զոհ: Դահիճները` Օսմանյան կայսրության այդ օրվա կառավարիչներն ու նրանց սատարողներն էին, որոնց էթնիկապես միասեռ, դավանապես միասնական ազգային պետություն ստեղծելու գործողությունները Օսմանյան կայսրությունում ցեղասպան դինամիկա ունեցավ, ինչին զոհ գնաց հայ ժողովուրդը»:
Թուրքիայում ցնցված են, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչում է մի երկրի նախագահ, որտեղ 5 մլն թուրք է բնակվում:
Նշենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հայտարարությունը եւ նշել, որ այն կարեւոր է ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման տեսանկյունից, այլեւ արժեքավոր ներդրում է ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային հանրության միասնական ջանքերում: