Անպատժելիությունը չի կարող անպատիժ մնալ. Կիպրոսի նախագահ
Международные новостиՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում 1,5 միլիոն անմեղ նահատակների ոգեկոչման արարողության ժամանակ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը ուղերձ է հղել միջազգային հանրությանն առ այն, որ անպատժելիությունը չի կարող անպատիժ մնալ:
«Շատ բնական է, որ Կիպրոսն ու Հայաստանը միասնաբար դատապարտում են ցեղասպանության ոճրագործներին: Կիպրոսը ԵՄ առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Կենդանի պահելով նահատակների հիշատակը, ովքեր կյանքից զրկվեցին, պարտավոր ենք հայտարարել եւ ուղերձ հղել, որ անպատժելիությունը չի կարող անպատիժ մնալ»,- ասել է Կիպրոսի նախագահը:
Հայ ժողովրդին համերաշխության ուղերձ հղելով՝ Անաստասիադիսը շեշտեց, որ կիպրացի եւ հայ ժողովուրդները անպատժելիության զոհեր են, ուստի զարմանալի չէ, որ երկու ժողովուրդները միջազգային իրավունքի, խաղաղության եւ ժողովուրդների ինքնիշխանության եւ ինքնորոշման իրավունքի հանդեպ հարգանք ունեն:
«Ես չեմ կարող չհիշատակել, որ հարյուր տարի առաջ Կիլիկիայի ջարդերից հետո հայ փախստականների նավերը, ովքեր փախչում էին հալածանքից, ապահով ապաստան գտան հարեւան Կիպրոսում: Կիպրոսում հպարտ են, որ այդ փախստականների թոռներն ու ծոռները Կիպրոսի հասարակության կարեւոր եւ աշխույժ անդամներն են, իրենց ծագումը պահպանում են արժանապատվորեն: Ողջունում եմ նախագահ Սարգսյանի վճռական դիրքորոշումը: Իսկապես ժամանակն է, որ պատմական փաստերը ճանաչվեն, քանի որ դա ուղի կհարթի հարեւան երկրի հետ հարաբերությունների նորմալացման համար եւ անկասկած կնպաստի միջազգային կայունության հաստատմանը:
Պարո՛ն նախագահ, այստեղ ենք, որ հարգանքի տուրք մատուցենք հայ ժողովրդին, որ իր ուժով եւ արյունով կարողացավ դիմակայել եւ կենդանի մնալ: Աշխարհը լի է մարտահրավերներով, բզկտված հակամարտություններով, տնտեսական ճգնաժամերով, քաղաքական անկայությամբ: Եւ Մեծ Եղեռն հիշելը եւ վերապրողների ուժի հանդեպ հարգանքի տուրք մատուցելը շատ կարեւոր է այսօր հայ ժողովրդի եւ հայ սփյուռքի համար, եւ ողջ մարդկությունն է կրում այս պարտավորությունը: Մենք հիշում ենք եւ պահանջում»,- ասել է Նիկոս Անաստասիադսը: