Աշխարհը պետք է իմանա` սա ցեղասպանություն է եղել. ԱՄՆ օրենսդիր Դեյվ Տրոտ
Международные новостиԺամանակն է, որ աշխարհը ճանաչի 1915 թվականի հանցագործությունները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան կատարած այցի ընթացքում նման համոզմունք է հայտնել ԱՄՆ օրենսդիր Դեյվ Տրոտը ` Թվիթեր իր միկրոբլոգի միջոցով: «Աշխարհը պետք է իմանա` սա ցեղասպանություն է եղել, և մենք դա չենք մոռանա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրել է օրենսդիրը:
Աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք Երևանում` Ծիծեռնակաբերդի բարձունքում, «Հիշում եմ և պահանջում» կոչով հիշատակի արարողությանը, հայ ժողովրդի կողքին եղան 60 երկրների պաշտոնական պատվիրակություններ, որոնցից 4-ը՝ նախագահի մակարդակով:
ԱՄՆ պատվիրակության կազմում ընդդգրկված են ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն` պատվիրակության ղեկավար, Ռիչարդ Միլսը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, ԱՄՆ պետքարտուղարություն, Ջեքի (Կանչելյան) Սփայերը` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆորնիա, ընտրատարածք 14), Ֆրանկ Փալոնեն` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Նյու Ջերսի, ընտրատարածք 6), Աննա Էշուն` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆորնիա, ընտրատարածք 18), Դեյվ Տրոտը` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Միչիգան, ընտրատարածք 11):
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած նախագահական պատվիրակության կազմը նշանակել է անձամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: