Իրաքյան Քրդստանի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին առաջարկ կքննարկի
Международные новостиԻրաքյան Քրդստանի խորհրդարանի ծագումով հայ միակ պատգամավոր Երվանդ Նիսանն անհրաժեշտ թվով ստորագրություններ հավաքելուց հետո 1915 թվականի իրադարձությունները Հայոց ցեղասպանություն ճանաչելու մասին օրենսդրական առաջարկ է ներկայացրել խորհրդարանի քննարկմանը:
Այս մասին հայտնում է քուրդիստանյան Rudaw-ը` նշելով, որ առաջարկին աջակցություն է հայտնել ինքնավարության հիմնադիրներից «Քրդիստանի հայրենասերների միություն» կուսակցությունը (ՔՀՄ):
Երվանդ Նիսանը 40 խորհրդարանականների ստորագրությամբ օրենսդրական առաջարկը ներկայացրել է Քրդստանի խորհրդարանի նախագահություն: Օրինագծով առաջարկվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ն ինքնավարությունում պաշտոնապես համարել ոչ աշխատանքային օր:
Rudaw-ի հետ զրույցում «Քրդստանի հայրենասերների միության» պատգամավոր Ռեվաս Ֆայիքը, նշելով, որ առաջարկի տակ ստորագրել է նաեւ ինքը, ասել է, որ խորհրդարանի կողմից օրինագծի վավերացման մեծ հավականություն է տեսնում:
Նշվում է, որ օրենսդրական առաջարկն ստորագրել են քրդական ինքնավարության համահիմնադիր Քրդստանի դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) որոշ պատգամավորներ եւս:
ՔԴԿ անդամ Մուհամադ Ամիր Դերշեւին Rudaw-ին ասել է, որ իրենք բոլորն էլ գիտեն, որ Ցեղասպանություն եղել է:
«Ժամանակին Բարզանիները եւ մյուս ցեղախմբերը Թուրքիայի հետ սահմանում միացել էին հայերին օգնելու գործին: Սակայն այժմ Քրդստանի տարածաշրջանում նման քայլ անելը հեշտ չէ: Անհրաժեշտ է, որպեսզի նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի Քրդստանի խորհրդարանը», -ասել է նա:
Թուրքիայի գծով մասնագետ Բեյար Մուստաֆան էլ կարծիք է հայտնել, որ Քրդստանի խորհրդարանում նման առաջարկի քննարկումն ու ընդունումը կարող է մեծ վնաս հասցնել Էրբիլ-Անկարա հարաբերություններին:
2015 թվականի սկզբին Քրդստանի տարածաշրջանում հայերենն ընդունվել էր որպես պաշտոնական լեզու: