Մագնիտսկու օրենքը կարող է տարածվել նաեւ Ադրբեջանի վրա
Международные новостиԱՄՆ-ի օրենսդիրներն աշխատում են Մագնիտսկու Ակտի ընդլայնման վրա այն բանի համար, որպեսզի այն տարածվի ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ այլ երկրների, այդ թվում` Ադրբեջանի վրա: «Մագնիտսկու ակտը երբեք չի եղել Ռուսաստանի դեմ, այն եղել է վատ անձանց դեմ եւ գլոբալ բնույթ է կրում», -հայտարարել է օրինագծի համահեղինակ,կոնգրեսական Ջիմ Մակգովերնը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական «Թուրան»-ի հետ Վաշինգտոնում ապրիլի 29-ին ունեցած զրույցում Մակգովերնն ասել է, որ նոր օրինագծի շուրջ քննարկումները ցուցանիշն են այն բանի, որ ԱՄՆ-ը եւ այլ երկրներ մարդու իրավունքները համարում են իրենց արտաքին քաղաքականության գլխավոր մասը:
«Թուրան»-ի թղթակցի այն հարցին, թե ադրբեջանական չինովնիկները կարո՞ղ են ընկնել այդ օրենքի տակ, Մակգովերնն ասել է, որ օրենքն ուղղված է ամբողջ աշխարհում բոլոր կոռումպացված չինովնիկների եւ մարդու իրավունքների խախտողների դեմ, եւ նրանց կսկսեն պատասխանատվության ենթարկել:
Իր հերքին Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության փոխնախագահ Դանիել Կալինգերտը դիմել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարցերով հանձնաժողովին` կոչ անելով ընդլայնել Մագնիտսկու ակտը:«Աշխարհում շատ մարդիկ կան, ովքեր դարձել են ճնշման զոհ այն բանի համար, որ համարձակվել են խոսել արդարության եւ ազատության մասին»,-գրել է նա եւ այլոց թվում նշել ադրբեջանցի ակտիվիստներ Ռասուլ Ջաֆարովի ու Խադիջա Իսմայիլովայի անունները:
«Ջաֆարովը 6,5 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանի կառավարության կողմից մարդու իրավունքների խախտումները բացահայտելու համար, իսկ Իսմայիլովան հայտնվել է բանտում այն բանի համար, որ հետազոտել է եւ հրապարակել Ադրբեջանի նախագահի ընտանիքի կոռուպցիայի մասին հոդվածներ», -հավելել է նա:
Կոնգրեսում աղբյուրները «Թուրան»-ին հայտնել են, թե նման փաստերը ամրապնդում են Վաշինգտոնում տարածված այն կարծիքը, որ ադրբեջանցի չինովնիկների դեմ հարկավոր է պատժամիջոցներ կիրառել:«Ադրբեջանական կառավարությունը փնտրում եւ հաջողությամբ բազմաթիվ լոբբիստներ կամ բարեկամներ է վարձում Կոնգրեսում, որպեսզի նրանք աչք փակեն մարդու իրավունքների խախտումների վրա: Բայց դա անելը գնալով ավելի է դժվարանում, քանի որ ավելի շատ մարդիկ են սկսել հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում Ադրբեջանում», -»Թուրան»-ի թղթակցին ասել է Կոնգրեսում անունը հրապարակել չցանկացած աղբյուրը:
2012 թվականից Մագնիտսկու օրենքով 38 անձանց մուտքն արգելվել է ԱՄՆ եւ սառեցվել են նրանց բանկային հաշիվները: