Թուրքիայում ձերբակալել են «զուգահեռ պետության» գործով կասկածյալներին ազատ արձակած դատավորին
Международные новостиԹուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի դատարանի դատավոր Մեթին Օզչելիքին, ում որոշումով կալանքից ազատ են արձակվել երկրի ղեկավարության դեմ «դավադրության», կամ այսպես կոչված «զուգահեռ պետության» մասին գործով 76 կասկածյալները: Եվս մեկ դատավոր, նրա գործընկեր Մուստաֆա Բաշերի նկատմամբ որոնում է հայտարարվել:
Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը` նշելով, որ ազատ արձակվածների մեջ են նաեւ «գյուլենականների համայնքին» անդամակցելու մեղադրանքով ձերբակալված Սամանյոլու հրատարակչական խմբի նախագահ Հիդայաթ Քարաջան եւ բարձրաստիճան ոստիկաններ:
Դատավորների այդ որոշումից զայրացած թուրքական ղեկավարության հանձնարարությամբ դատախազի միջնորդությամբ բարձր ատյանի դատարանը չեղարկել է այդ որոշումը: Թուրքիայի դատավորների եւ դատախազների բարձրագույն խորհուրդը (HSYK) որոշում է ընդունել աշխատանքից հեռացնել Օզչելիքին եւ Բաշերին:
Թուրքիայում «զուգահեռ պետություն» անվանում են իշխանական կառույցներում աշխատող «Հիզմեթ» շարժման մասնակիցներին, որը ղեկավարում է ԱՄՆ-ում վտարանդիության մեջ բնակվող արդի իսլամի գաղափարախոս, ընդդիմադիր քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենը: Անցյալ տարվա դեկտեմբերին Ստամբուլի դատարանը Գյուլենին ձերբակալելու վճիռ էր ընդունել:
Դատավորների գործողությունները բացասական են գնահատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, որոնք նրանց մեղադրել են իրենց բնորոշմամբ` «զուգահեռ պետության» կազմակերպիչ, կրոնական գործիչ Գյուլենին ենթարկվելու մեջ` հայտարարելով, որ դատավորները գործել են Գյուլենի հանձնարարությամբ եւ գերազանցել են իրենց լիազորությունները:
2013 թվականի դեկտեմբերի կեսերին այդ երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալից անմիջապես հետո, որով բացահայտվել էին թուրքական կառավարության անդամների, այդ թվում` այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Էրդողանի որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փ աստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ: Իրավապահ եւ դատական համակարգերը գյուլենականներից «մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս: