Այս տարի հայերի ուզածը չեղավ, չնայած այսքան ջանքերին. Չավուշօղլու
Международные новостиԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերում, խոսելով տարբեր հարցերից, անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության թեմային:
Չավուշօղլուն հարցազրույցի ժամանակ նշել է, որ հայկական լոբբինգը մեծ աշխատանք է կատարել:
«Ներսում էլ նրանց աջակցողներ կան: Քաղաքական կուսակցություններ, քաղաքական գործիչներ: «Թուրքիայի կուսակցությունն ենք լինելու» ասելով՝ հայկական պնդումներին ծառայող, աջակցող անձինք և խմբեր կան: Սակայն այս տարի, չնայած այսքան ջանքերին, հայերի ուզածը չեղավ»,- հայտարարել է Չավուշօղլուն՝ակնարկելով քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը, որի կազմում մեծ թվով հայեր կան:
Այնուհետև, Չավուշօղլուն կրկին խոսել է թուրքական իշխանությունների կողմից մշտապես բարձրաձայնվող «պատմաբանների հանձնաժողովների» մասին, ինչպես նաև նշել, թե «խորհրդարանները ցեղասպանության հարցը քննելու համար չեն»:
«Պուտինը մի հայտարարություն արեց, սակայն խորհրդարանից (ՌԴ-ի.- խմբ.) իրենց ուզածը չստացան»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը:
«Միշտ հայտնել ենք մեր բարի նպատակները: Սահմանները բացելու համար մեր պայմաններն ենք առաջ քաշել: Անցած տարի մեր նախագահի, այս տարի մեր վարչապետի ուղերձը՝ 1915-ի ցավոտ միջադեպի վրա բարեկամություն ստեղծելու Հայաստանին մեկնված ձեռք էր»,- նշել է Չավուշօղլուն:
Այսպիսով, թուրք նախարարը կրկին Հայաստանի և Թուրքիայի միջև փակ սահմանի բացման համար նախապայմաններ է առաջ քաշել: Բացի այդ, Չավուշօղլուն կրկին մեջբերել է Դավութօղլուի՝ 2015-ի և Էրդողանի՝ 2014-ի ապրիլքսանչորսյան ուղերձները՝ դրանք ներկայացնելով որպես դրական քայլ: