Հայաստանի և Ավստրիայի գյուղատնտեսության նախարարությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
ПолитикаՊաշտոնական այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները, դրանց ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կողմերը հատկապես շեշտել են անասնաբուծության և կաթնամթերքի արտադրության բնագավառներում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կարևորել է Ավստրիայի հետ համագործակցության շրջանակում տոհմային կենդանիների ներկրման ծրագիրը, որը նախատեսում է բարելավել գյուղատնտեսական կենդանիների գենետիկական հատկանիշները, ինչպես նաև կենդանիների համարակալման և առողջության բարելավման արդիական համակարգի ներդրումը:
Նախարարներն ընդգծել են իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև փորձի Ö ‡ գիտական տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը, մասնավորապես, օրգանական գյուղատնտեսության, գյուղատնտեսական կոոպերատիվների, հացահատիկային մշակաբույսերի սերմնաբուծության, անտառների կայուն կառավարման բնագավառներում:
Նախարար Սերգո Կարապետյանն ավստրիացի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան:
Հանդիպման ավարտին երկու երկրների նախարարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և Ավստրիայի գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարարության միջև գյուղատնտեսության և անտառային տնտեսության բնագավառներում համագործակցության մասին:
Նույն օրը նախարար Կարապետյանը հանդիպումներ է ունեցել նաև Ավստրիայի Եվրոպական, ինտեգրման և արտաքին գործերի նախարարության միջազգային համագործակցության և միջազգային զարգացման քաղաքականության բաժնի ղեկավար, դեսպան Պետեր Լաունսկիի, ինչպես նաև Ավստրիայի զարգացման գործակալության ղեկավար Մարտին Լեդոլտերի հետ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, գործակալության կողմից Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ իրականացված և նախանշվող ծրագրերի շուրջ: Պարոն Կարապետյանը, ընդգծելով հատկապես անասնաբուծութ յան բնագավառում զարգացման ծրագրեր իրականացնելու կարևորությունը, առաջարկել է ավստրիական կողմին ուսումնասիրել Հայաստանում տոհմային անասնաբուծական տնտեսություն հիմնելու, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման համակարգ ներդնելու հնարավորությունները:
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմաններում Հայաստանի և ԵՄ պետությունների հետագա համագործակցության հարցին: Նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ մեզ համար եվրոպական երկրների հետ համագործակ ցությունը համարվում է առաջնային ուղղություն, և դրա համար առկա են իրատեսական հնարավորություններ: Մասնավորապես նպատակահարմար է եվրոպական ներդրումներով Հայաստանում կազմակերպել կաթի, մսի, բանջարեղենի, մրգի վերամշակման գործարաններ՝ պատրաստի արտադրանքը դեպի ԵՏՄ երկրներ արտահանելու հեռանկարով: Ավստրիական կողմը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել ներկայացված առաջարկությունները և առաջիկայում գործնական քայլեր իրականացնել այս ոլորտներում համագործակցություն ծավալելու ուղղությամբ: