Թողնում եմ, որ գնաս, բայց վերջում կոստյումդ էլ եմ հանելու. Արամ Մանուկյան
ПолитикаԱյսօր` մայիսի 5-ին, ՀՀ Ազգային ժողովում «Եկամտային հարկի մասին» օրենքում կատարվող փոփոխությունների ու լրացումների նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց. «Այս և հարկերի մասին մի քանի այլ օրենքները «ծածկադմփոցով» են բերվել ԱԺ»: Նա ասաց, որ այդ օրենքները, որոնք բերվել են ԱԺ միայն երեկ, առաջին տեղում են հայտնվել ու արդեն դրվել են քննարկման:
Պատգամավորը նկատեց, որ նման քայլերն իրականացվում են նրա համար, որպեսզի օրենսդիր մարմինը չհասցնի մանրամասն ուսումնասիրել ներկայացված օրենքը. «Սա նշանակում է, որ խնդիրը դրված է այնպես, որ խորհրդարանը չհասցնի մանրամասն քննարկել: Ոչ մի պատգամավոր չի կարող 170 օրենքն էլ նայել ու եզրակացություն ներկայացնել միանգամից»:
Արամ Մանուկյանը նաեւ նշեց, որ որպես նման օրենքների հաստատման արդյունք` լինելու է հետեւյալը. «Հիսուն հազար մարդիկ, ովքեր գնում են ՌԴ աշխատելու ու վերադառնում են, արտագաղթելու են ու չեն գալու: Այդ մարդիկ փախել են մեր օրենսդրությունից, մեր օրենքներից, աշխատանքի հնարավորություն չունենալուց, կառավարության տնտեսական քաղաքականությունից: Հիմա նրանց ասում են՝ մենք ձեզ թողնում ենք՝ գնաք, բայց վերջում կոստյումներդ էլ ենք հանելու, նոր եք գնալու: Արդյունքում` էս մարդկանց մոտ առաջանալու է քաղաքացիությունից հրաժարվելու ցանկություն»:
Ընդդիմադիր պատգամավորը նաեւ նկատեց. «Հայաստանում զբաղվածությունը պակասել է, գործազրկությունն ավելացել է, մարդկային ռեսուրսը ևս պակասել է, հենց այս պատճառներով էլ նման օրենք մշակելու անհրաժեշտություն է առաջացել»:
Սոսե Չանդոյան