Չինաստանում վստահ են՝ Հայաստանը գնալով ավելի հետաքրքիր կդառնա չինացի զբոսաշրջիկների համար
Международные новостиՀայաստանը գնալով ավելի ու ավելի գրավիչ կդառնա չինացի զբոսաշրջիկների համար, ովքեր միշտ ցանկանում են ինչ-որ յուրահատուկ բան տեսնել: Ճանաչողական այցով Պեկինում գտնվող հայ լրագրողների պատվիրակության հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Չինաստանի առևտրի նախարարության Եվրոպայի և Ասիայի հետ կապերի վարչության պետի տեղակալ Չժան Դունը: «Հայաստանը յուրահատուկ երկիր է, և ես կարող եմ ասել, որ ձեր երկիրը գնալով ավելի ու ավելի հետաքրքիր կդառնա չինացի զբոսաշրջիկների համար, ովքեր միշտ ցանկանում են ինչ-որ յուրահատուկ բան տեսնել»,- նշեց նա:
Անդրադառնալով առևտրի ոլորտում հայ-չինական համագործակցությանը ՝ Չժան Դունը նշեց, որ այդ ուղղությամբ դժվարություններ կան՝ կապված ենթակառուցվածքների բացակայության հետ: Նա ընդգծեց, որ Հայաստանն ու Չինաստանը միմյանցից շատ հեռու են գտնվում, իսկ Հայաստանը ծովային ճանապարհ չունի, ինչն էլ ավելի է բարդացնում խնդիրը: «Հայաստանի Նախագահի՝ Չինաստան կատարած այցի ժամանակ երկու երկրների ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնել համագործակցությունը առևտրի և տնտեսության ոլորտներում՝ համապատասխան ենթակառուցվածքների ձևավո րման, Մետաքսի մեծ ճանապարհի վերականգման եղանակով: Նաև Չինաստանի առևտրի նախարարությունը և Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել»,- ասաց չինացի պաշտոնյան:
Նրա խոսքով՝ այդ համաձայնագիրը կյանքի կոչելու համար կողմերը պետք է ուժեղացնեն ենթակառուցվածքները և պայմաններ ստեղծեն համագործակցությունը արդյունավետ դարձնելու համար: Չժան Դունը նկատեց, որ դրա համար երկարատև աշխատանք է պահանջվելու, սակայն հույս հայտնեց, որ կարճ ժամանակում հնարավոր կլինի լուծել տրանսպորտի խնդիրը, ինչն առավել նպաստավոր կդարձնի տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցությունը: