Թուրքիայում արգելափակվել է «Նոր Զարթոնք»-ի թվիթերյան էջը
Международные новостиԹուրքիայի սոցիալիստ հայերի կողմից հիմնադրված «Նոր Զարթոնք» հարթակի «Թվիթեր»-ի էջն արգելափակվել է:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:
«Նոր Զարթոնք»-ի անդամներն այս որոշումը բողոքարկելու նպատակով դիմել են «Թվիթեր»-ի թուրքական գլխամասին, սակայն մերժում են ստացել այն պատճառաբանմամբ, թե հարթակի անդամները իրենց թվիթերյան միկրոբլոգն օգտագործում են «վատ նպատակներով»:
«Մենք` որպես «Նոր Զարթոնք» հարթակ, որը հիմնադրումից մինչև հիմա Թուրքիայի ժողովուրդների հետ պայքարել է արդարության համար և պաշտպանել է խաղաղությունը, հերքում ենք որևէ չար նպատակներով միկրոբլոգի օգտագործումը: Երկար ժամանակ է, ինչ սոցիալական մեդիան օգտագործում ենք մեր խոսքն ասելու համար, այն ծառայեցրել ենք և շարունակելու ենք ծառայեցնել խաղաղության և հավասարության տարածմանը»,- իրենց տարածած հաղորդագրության մեջ նշել են «Նոր Զարթոնք»-ի անդամները: Նրանք հավելել են, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցից անմիջապես հետո «Թվիթեր»-ում իրենց արգելափակումը մի շարք հարցեր է առաջ քաշում, ինչպես, օրինակ, այն, թե թուրքական կողմը ինչ մտադրությամբ է գրաքննություն իրականացրել: