Սիրիական բանակն ու «Հըզբոլլահը» հաջողություններ են գրանցել սիրիա- լիբանանյան սահմանին
Международные новостиՍիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ մայիսի 14-ին իր հակակշռի տակ է առել Բարուհ լեռան և Զալազիլ բարձունքի մեծ մասը: Ինչպես հաղորդում է լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, միևնույն ժամանակ, համագործակցելով, սիրիական բանակն ու «Հըզբոլլահն» առաջընթաց են գրանցել Ռաս ալ Մաարա և Ֆլիտա լեռնային շրջաններում:
Լիբանանյան բանակն ամրապնդել է իր դիրքերը Արսալ գյուղաքաղաքում՝ արգելելով զինյալների մուտքը: Բախումներ են ընթանում Արսալ գյուղաքաղաքի ծայրամասերում: Տեղեկություններ կան, որ ավելի քան հարյուր վիրավոր զինյալներ են տեղափոխվել հիվանդանոց:
Ավելի վաղ սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ հասել էր Մուսայի բարձունքներ, որտեղից զինյալները նահանջել էին դեպի Արսալի բարձունքներ:
Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ՝ սիրիական բանակն Իդլիբի նահանգի Ջիսր Շուղու քաղաքի հիվանդանոցի մոտ ահաբեկիչներին պատկանող տանկ է ոչնչացրել, տասնյակ ահաբեկիչներ սպանվել են:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: