Սիրիական բանակը կանխել է ԻՊ-ի հարձակումը հնագույն Թադմուր քաղաքի վրա
Международные новостиՍիրիական բանակն օդային ուժերի հետ համագործակցության արդյունքում Հոմսի մարզում մեծ վնասներ է հասցրել «Իսլամական պետության» ահաբեկիչներին:
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոչնչացվել են Հոմսի շրջանում գտնվող ահաբեկիչների մի քանի մեքենաներ: Տասնյակ ահաբեկիչներ են սպանվել հնագույն Թադմուր քաղաքում, ոչնչացվել են նրանց մեծաքանակ զենքերն ու զինամթերքը: Սիրիական բանակը կանխել է ահաբեկիչների հարձակումը հնագույն քաղաքի վրա, որը գտնվում է Դամասկոսից 240 կմ հեռավորությամբ: Ահաբեկիչները հայտնվել են քաղաքի արևելյան ծայրամասերում, երբ վերահսկողություն են հաստատել աս Սուխնա շրջանի վրա: Սիրիական օդային ուժեր ը ռմբակոծել են աս Սուխնայում ահաբեկիչների դիրքերը:
Ոչնչացվել են Իդլիբի նահանգում ահաբեկչական խմբավորումներին պատկանող թաքստոցները: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, Ջիսր Շուղուր քաղաքի հիվանդանոցի մերձակայքում և քաղաքի հարավ-արևմտյան մուտքի մոտ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել: Ահաբեկիչները մեծ կորուստներ են կրել Սարաքեբ գյուղաքաղաքում, որը գտնվում է Իդլիբ քաղաքի հարավ-արևելքում:
ԻՊ-ի տասնյակ ահաբեկիչներ էլ սպանվել են Դեր Զորի ռազմական օդանավակայանի մերձակայքում:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: