ԻՊ-ն Ռամադի քաղաքում 70 բնակիչների է սպանել
Международные новости«Իսլամական պետությունը» Ռամադի քաղաքի տարբեր շրջաններում 70 մարդու է սպանել:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, զոհերի թվում կանայք ու երեխաներ են, ինչպես նաև անվտանգության ուժերի աշխատակիցներ: Մայիսի 15-ին երկու ականապատ մեքենա են պայթել Ռամադի քաղաքում: Պայթյուններից մեկը որոտացել է Ռամադիի կենտրոնում՝ մարզպետարանի շենքի մերձակայքում, իսկ երկրորդը՝ Աբու Զար ա Ղաֆարի դպրոցի մերձակայքում: Պայթյունների հետևանքով անվտանգության աշխատակիցներ են զոհվել ու վիրավորվել:
Անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ, ԻՊ-ն անվտանգության ուժերի հետ թեժ մարտերից հետո իր ձեռքն է վերացրել Մահազիա շրջանը, որը գտնվում է Ռամադիի կենտրոնում: Իրավիճակի սրվելուն զուգահեռ ոստիկանությունը հավելյալ ուժեր է ուղարկել այնտեղ:
Հարյուրավոր ընտանիքներ ստիպված գաղթել են իրենց բնակավայրերից:
Ավելի վաղ Անբարի մարզի խորհրդի նախագահ Սաբահ Քարհութը նշել է, որ Քարամ, ալ Բաղդադի բնակավայրերը հայտնվել են ԻՊ-ի վերահսկողության տակ: Նա Ներքին գործերի և Պաշտպանության նախարարություններին խնդրել է պաշտպանել բնակիչներին:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն է եղել կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ի ն ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: