Մակեդոնիայի վարչապետը հրաժարվել է պաշտոնաթող լինել
Международные новостиՄակեդոնիայի վարչապետ Նիկոլա Գրուեւսկաին Սկոպիեում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ պաշտոնաթող չի լինի, եթե դա «ժողովրդի կամքով չԷ»:
Մակեդոնիայի իշխանությունների կողմնակիցները մայիսի 18-ի երեկոյան հավաքվել Էին խորհրդարանի շենքի մերձակա հրապարակում: Ակցիայի մասնակիցների թվաքանակը գերազանցել է 90 հազարը:
Իշխանությունների մի քանի հարյուր հակառակորդներ հավաքվել են Կառավարության տան մերձակա Իլինդեն ծառուղում, որտեղ հաստատվել Է նրանց վրանաճամբարը: Այստեղ է եկել նաեւ ընդդիմության առաջնորդը՝ Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության ղեկավար, Ստրումիցայի քաղաքագլուխ Զոխար Զաեւը:
«Ես պաշտոնաթող չեմ լինի առանց ժողովրդի կամքի: Այս հանրահավաքն Է հենց ժողովրդի կամքը: Այս հանրահավաքը պատասխան է Զաեւին»,- ասել է Գրուեւսկին՝ իր հակառակորդին մեղադրելով օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապերի մեջ:
Նա նաեւ ընդդիմությանը մեղադրել է Կումանովոյի վրա ահաբեկչական գրոհը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ, որտեղ ոստիկանները մայիսի 9-ին վնասազերծել են մի խումբ զինյալների: Գրուեւսկու խոսքով՝ ընդդիմությունը ցանկանում է Մակեդոնիայում հաստատել քաղաքական փոքրամասնության դիկտատուրան:
Վարչապետը հայտարարել է, որ դիրքերի հանձնում ու նահանջ չի լինելու, եւ բերել է հատուկ գործողության ընթացքում զոհված ոստիկանների հերոսության օրինակը: Նա Զաեւին մեղադրել է իրադրությունն ապակայունացնելու մեջ՝ իշխանությանը տիրելու նպատակով: Ընդսմին Գրուեւսկին նշել է, որ իր գլխավորած կուսակցությունը նախկինի պես հանդես է գալիս Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության օգտին:
Մայիսի 17-ին Սկոպիեի կենտրոնում Գրուեւսկու հրաժարականի պահանջով հանրահավաք են անցկացրել Սոցիալ-դեմոկրատական միության եւ այլ կուսակցությունների կողմնակիցներ: Դրանից հետո տասնյակ ընդդիմադիրներ մնացել են Կառավարության տան առջեւ ծավալված վրանային ճամբարում:
Մակեդոնիայում իրադրությունը սրվել է մայիսի սկզբին: Իրավապահ մարմինները մայիսի 9-ին Կումանովոյում հատուկ գործողություն են անցկացրել, որի ընթացքում ոչնչացվել են մի խումբ զինյալներ, որոնց գլխավորում էին Կոսովոյի պատերազմի վետերաններ:
Փոխհրաձգության հետեւանքով զոհվել է առնվազն 22 մարդ, այդ թվում՝ 8 ոստիկան եւ 14 զինյալ, 37 սպաներ վերքեր են ստացել: Իրավապահ մարմինների տվյալներով՝ զինյալները պլանավորում էին հարձակումներ իրականացնել քաղաքացիական ու պետական օբյեկտների վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: