Գերմանացի երկաթուղայինների նոր գործադուլն սպառնում է խախտել միլիոնավոր մարդկանց պլանները
Международные новостиԳերմանիայում գնացքների մեքենավարները հայտարարել են հերթական ընդգրկուն գործադուլի անցկացման մասին, որը խոստանում է ամբողջ երկրում խախտել միլիոնավոր մարդկանց պլանները: Ինչպես տեղեկացնում է GDL արհմիությունը, մայիսի 19-ին կդադարեն երթևեկել բեռնատար շարժակազմերը, դր անց կմիանան մարդատար գնացքների մեքենավարները:
GDL-ի որոշումը դարձել է գործատուի՝ Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնի հետ սակագների շուրջը բանակցությունների հերթական փուլի ձախողման արդյունքը: Արհմիությունը մեքենավարների համար պահանջում է դրույքների 5 տոկոսով բարձրացում և աշխատաժամանակի կրճատում 39 ժամից մինչև 37 ժամ: Կոնցեռնը պատրաստ է դրույքները բարձրացնել 4,7 տոկոսով և իրականացնել հազար եվրոյի չափով միանվագ վճարումներ:
Արհմիությունն առայժմ չի նշում, թե երբ գործադուլը կդադարեցվի, բայց պնդում է, որ այն չի դասվում անժամկետի կատեգորիային: Սակայն արդեն այժմ հասկանալի է, որ այն տևողությամբ կդառնա ռեկորդային, եթե GDL-ն գործատուից չստանա այնպիսի առաջարկություն, որից չկարողանա հրաժարվել: Սակայն իրադարձությունների նման զարգացումը տեղի դիտորդները քիչ հավանական են համարում: Ամեն ինչ տանում է այն բանին, որ այս գործադուլը մեկ շաբաթից ավելի երկար տևի, հաղորդում է ՏԱՍՍ-ը: