Ուկրաինայում «իսկական պատերազմ» Է ընթանում Ռուսաստանի դեմ. Պորոշենկո
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիային տված հարցազրույցում հայտարարել Է, որ իր երկիրը «իսկական պատերազմի» վիճակում Է գտնվում Ռուսաստանի հետ:
«Եկեք շիտակ խոսենք. մենք անջատողականների դեմ չենք կռվում, որոնց պաշտպանում Է Ռուսաստանը: Սա իսկական պատերազմ Է Ռուսաստանի դեմ»,-ասել Է ՈՒկրաինայի նախագահը:
Պորոշենկոյի կարծիքով՝ դա ապացուցում Է մայիսի 16-ին Դոնբասում երկու ռուսաստանցիների ձերբակալումը, որոնք, նրա պնդմամբ, Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողներ են:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ՌԴ-ի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել Է, որ գերյալները, իրոք, ՌԴ-ի քաղաքացիներ են, բայց բռնվելու պահին գործող զինծառայողներ չեն եղել, իսկ ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ ուկրաինացի ուժայիններին գերի են ընկել մարտում վիրավորված ժողովրդական միլիցիայի մարտիկները՝ Եվգենի Երոֆեեւը եւ Ալեքսանդր Ալեքսանդրովը:
BBC-ին տված հարցազրույցում նախագահ Պորոշենկոն ներկայացրել Է տվյալներ, որոնց համաձայն՝ Ուկրաինայի հարավ-արեւելքում ուժային գործողության ընթացքում զոհվել Է 1800 ուկրաինացի զինվոր, ինչպես նաեւ 7 հազար խաղաղ բնակիչ:
«Սա աղետ Է, եւ աղետ Է ոչ միայն մայրերի, այլեւ ողջ երկրի համար: Աղետ Է 1800 զինվոր կորցրած յուրաքանչյուր ընտանիքի համար, գրեթե 7000 քաղաքացի կորցրած յուրաքանչյուր ընտանիքի համար»,-հայտարարել Է Ուկրաինայի ղեկավարը:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների, զինված հակամարտության մեկ տարվա ընթացքում՝ 2014 թվականի ապրիլի 16-ից, Ուկրաինայի արեւելքում զոհվել Է 6116, վիրավորվել գրեթե 15,5 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: