ԱՄՆ պետքարտուղարի օգնականը չեղյալ է հայտարարել Բաքու ծրագրած այցը
Международные новостиԱՄՆ պետքարտուղարի մարդու իրավունքների գծով օգնական Թոմ Մալինովկսին վերջին պահին չեղյալ է հայտարարել քաղաքացիական հասարակության եւ արեւմտյան ինստիտուտների շարունակվող ճնշումների մասին հարցեր քննարկելու համար անցյալ շաբաթ Բաքու ծրագրած այցը` համարելով, որ Ադրբեջանի հետ ժողովրդավարության մասին երկխոսությունն արդյունավետ չի լինելու:
Այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը` նշելով, որ, փաստորեն, Վաշինգտոնը դադարեցրել է քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարության վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսությունը:
Մեկնաբանելով իրադարձությունը, Պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է. «ԱՄՆ-ը եւ Ադրբեջանը պայմանավորվել են նման երկխոսություն սկսել պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի այս տարվա փետրվարին Բաքու կատարած այցի ժամանակ: Բայց մենք չենք կարծում, որ նման երկխոսությունը արդյունավետ կլինի ներկայիս իրավիճակում: Դա մեր գնահատականն ու որոշումն է»:
Վաշինգտոնում մի շարք դիտորդներ գտնում են, որ այցը չեղյալ հայտարարելու մասին Մալինովսկու որոշումը ճիշտ էր, քանի որ ներկայիս իրավիճակում Բաքվի հետ երկխոսությունը «անիմաստ եւ ձեւական» է երեւում:
Այդ ֆոնին որոշ դիտորդներ Բաքվում եւ Վաշինգտոնում նախագահ Օբամայի աշխատակազմին կոչ են անում Ադրբեջանի պաշտոնական անձանց նկատմամբ «խիստ քայլեր» կատարել, եթե ազատ չարձակվեն այդ երկրում առկա մոտ 100 քաղբանտարկյալները եւ չդադարեցվի մեղադրանքների արշավն այն մասին, թե իբր, ամերիկացիները Ադրբեջանում իրադրության ապակայունացում են նախապատրաստում: