Սոցցանցերում զգուշացումներ են արվել Բաքվում Եվրոխաղերի ժամանակ ահաբեկչություններ իրականացծվելու մասին
Международные новостиԱդրբեջանում երեկ գիշերվանից Բաքվում անցկացվելիք Եվրոխաղերի ժամանակ «անվտանգության միջոցառումների» մասին տեղեկություններ են ուղարկվել Facebook եւ Whatsapp սոցցանցերի օգտատերերի անձնական ուղերձների արկղեր:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական Qafqazinfo լրատվական կայքը, ուղերձներում Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգույշ լինել, եւ հաղորդվում, որ չեն բացառվում մի քանի օր առաջ Բաքվում բնակելի շենքի այրվելու նման գործողությունները:
«Բաքվում Եվրոխաղերի հետ կապված առաջիկայում անխուսափելի են ողբերգական իրադարձությունները: Ձեր շրջապատում կասկածելի անձ կամ որեւէ նեգատիվ իրադարձություն նկատելու դեպքում անմիջապես զանգահարեք ՆԳՆ կամ ԱԱՆ», -ասվում է ուղերձում, որում նշվել են նաեւ Ներքին գործերի եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ծառայությունների հեռախոսահամարները:
Կայքը պարզել է, որ այդ «զգուշացում» ուղերձը պաշտոնական բնույթ չի կրում, եւ սկսել է տարածվել Ադրբեջանի տեխնիկական համալսարանի Facebook-ի էջից: Ադրբեջանի իրավապահ մարմինները հետազոտություն են սկսել այդ տեղեկատվության տարածման նպատակները պարզելու ուղղությամբ:
Մայիսի 19-ին Բաքվի Բինագադիի շրջանում Ազադլըգ պողոտայում 16 հարկանի բնակելի շենքի հրդեհվելու պատճառով 16 մարդ զոհվել, 60-ից ավելի մարդ վիրավորվել էին: