Ավստրալիայում Ցեղասպանության թեմայով քննարկումը չի կայացել՝ ժխտողների պատճառով
Международные новостиԱվստրալիայում Հայոց ցեղասպանության թեմայով քննարկումը չեղյալ են հայտարարել այն բանից հետո, երբ թուրք ժխտողականների ներկայության պատճառով Նոր Հարավային Ուելս նահանգի գանձապետ Գլեդիս Բերեջիքլյանը եւ հայ համայնքի անդամները լքել են դահլիճը: Այս մասին գրում է «The Sydney Morning Herald»-ը:
Քննարկումը պետք է անցկացվեր Սիդնեյում եւ Մելբուռնում գերմանական ֆիլմերի փառատոնի շրջանակում թուրքական ծագմամբ գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Ակինի «Սպի» ֆիլմի ցուցադրությունից հետո: Կինոփառատոնի տնօրեն եւ Գյոթեի ինստիտուտի ղեկավար Արպադ Զյոլտերի խոսքով, «նախարարին անհանգստացրել է նույն հարթակում Ցեղասպանության ժխտողների ներկայությունը»:
Նոր Հարավային Ուելսի գանձապետի մամուլի քարտուղարը հրաժարվել է հաստատել, որ պատճառը դա է եղել:
Իսկ Զյոլտերը նաեւ հավելել է, որ երբ նախարարը հեռացել է, հայ համայնքի մյուս ներկայացուցիչները նույնպես լքել են դահլիճը: «Եթե երկխոսության հնարավորություն չկա, իսկ մեր նպատակն այդ էր, նշանակում է՝ պետք է քննարկումը չեղյալ հայտարարելու որոշում կայացվեր»,- ասել է նա: