Ժնեւում մեկնարկում է 17-րդ Համաշխարհային օդերեւութաբանական կոնգրեսը
Международные новостиԵղանակի ու կլիմայի դիտարկումների մեթոդների կատարելագործումը եւ այդ ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդումը կլինեն մայիսի 25-ին Ժնեւում բացվող 17-րդ Համաշխարհային օդերեւութաբանական կոնգրեսի ուշադրության կենտրոնում:
Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ՀՕԿ) անդամ 191 երկրների ներկայացուցիչները կընդունեն 2016-2019 թվականների աշխատանքի պլանը եւ բյուջեն, կընտրեն ՀՕԿ-ի նախագահին ու փոխնախագահին: Նաեւ կնշանակվի կազմակերպության նոր գլխավոր քարտուղար՝ կապված այն բանի հետ, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ին ավարտվում է այդ պաշտոնում Միշել Ժարոյի (Ֆրանսիա) լիազորությունների երրորդ ժամկետը:
Կոնգրեսը, որը ՀՕԿ-ի բարձրագույն մարմինն է, նստաշրջաններ է գումարում չորս տարին մեկ: Ներկա նստաշրջանում, որը կշարունակվի մինչեւ հունիսի 12-ը, գլխավոր ուշադրությունը դարձվելու է եղանակի ու կլիմայի փոփոխմանը համաշխարհային հանրակցության «պատասխանին», ինչպես նաեւ կանխատեսման բարելավմանը, դիտարկումների տվյալների հավաքման ու փոխանակման կատարելագործմանը:
Ինչպես կոնգրեսի նախօրյակին հայտարարել է Միշել Ժարոն, 2015 թվականին, ինչպես եւ նախորդ տարիներին, եղանակային աղետներն արդեն վնաս են հասցրել միլիոնավոր մարդկանց:
Կոնգրեսը կքննարկի ՀՕԿ-ի ավանդը գլոբալ օրակարգի նպատակներին հասնելու գործում, որն ընդունելու է ՄԱԿ-ը եւ որն ընդգրկելու Է 2015 թվականից հետո ընկած ժամանակաշրջանը: Ուշադրություն կդարձվի նաեւ քաղաքների՝ եղանակի եւ կլիմայի ներգործության հետ կապված խնդիրներին, որոնցում, ըստ կանխատեսումների, 2050 թվականից հետո ապրելու է մոլորակի բնակչության ավելի քան 70 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: