Թուրք գործիչները կոչ են արել կառավարությանն ապահովել արդար ընտրություններ
Международные новостиԹուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրի տարբեր ոլորտների 200 ներկայացուցիչներ կառավարությանն ուղղված «Հրատապ նախազգուշացում» անունը կրող հայտարարություն են հրապարակել, որում կոչ են արել հետևել, որ ընտրական գործընթացն անցնի հանգիստ և ապահով միջավայրում: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Հայտարարության մեջ թուրք գործիչներն իրենց մտահոգությունն են հայտնել այն բանի առնչությամբ, որ ընտրական շեմը տասը տոկոսից չիջեցնելուն զուգահեռ, նախագահը հակասահմանադրական քայլերի է դիմում` մասնակցելով նախընտրական քարոզարշավին և երկրում իրավիճակը հասցնելով ավելի մտահոգիչ մակարդակի: Նրանք ընդգծել են, որ վերջին շրջանում հանդիպումների ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «զրադաշտ», «ալևի», «եզդի» տարբերակումներն ու նրանց վերաբերյալ հնչեցված հայտարարությունները թիրախավորում են վերջիններիս և երկրում իրավիճակ ն ավելի են լարում: Թուրք գործիչները կառավարությանն ուղղված նախազգուշացման մեջ նշել են, որ մերձավորարևելյան տարածաշրջանում ներկա լարված իրադրության պայմաններում իրենք ավելի քան երբևէ կարիք ունեն խաղաղ և արդար ընտրությունների:
Թուրքիայում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում` 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու: