Ճապոնիայում 8.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից տուժել է առնվազն 12 մարդ
Международные новостиՃապոնիայում առնվազն 12 մարդ է տուժել 8.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից, որը տեղի է ունեցել մայիսի 30-ին՝ Խաղաղ օվկիանոսում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով մայրաքաղաքային տարածաշրջանի հրշեջ վարչությանը:
Բոլոր տուժածները Տոկիոյի և հարևան Սայթամա ու Կանագավա պրեֆեկտուրաների բնակիչներ են: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Երկրաշարժը առաջացրել է նաև տրանսպորտային խնդիրներ: Մասնավորապես՝ դադարեցվել է Տոկիոյի և Օսակայի միջև ճեպընթացների երթևեկությունը, հոսանքազրկվել է նաև 600 տուն:
Ինչպես հաղորդել է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը, երկրաշարժի օջախը գտնվել է 590 կմ խորության վրա՝ ծովի հատակում: Ցնցումները զգացվել են Հոնսյու կղզու գրեթե բոլոր շրջաններում: Օգասավարա կղզեխմբի և նրան հարևան Իձու կղզիների շրջանում ևս մի քանի ստորգետնյա ցնցում է արձանագրվել՝ 6.4 մագնիտուդ ուժգնությամբ: