Վրաստանի նախագահը Սահակաշվիլիին քննադատել է Ուկրաինայի քաղաքացի դառնալու որոշման համար
Международные новостиՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին բացասական է գնահատել երկրի նախկին նախագահ Միխալի Սահակաշվիլիի՝ Օդեսայի նահանգապետի պաշտոնում նշանակվելու փաստը և հայտարարել է, որ կորցնելով վրացական քաղաքացիությունը՝ նախկին նախագահն անարգել է իր երկիրն ու նախագահի ինստիտուտը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես բացասական եմ վերաբերվում դրան: Նախկին նախագահը չպետք է հրաժարվեր Վրաստանի քաղաքացիությունից: Դրանով նա արագել է իր երկիրն ու նախագահի ինստիտուտը: Իմ կարծիքով, արժեքներն ավելի թանկ են մասնագիտական գործունեությունից: Եվ այդ արժեքներն այս դեպքում Վրաստանի քաղաքացիությունն է: Ինձ համար անհասկանալի է նրա անհարգալից վարքը»,-հայտարարել է Մարգվելաշվիլին:
Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին իր հերթին նշել է, որ Սահակաշվիլիին ամենևին էլ պետք չէր Վրաստանի քաղաքացիությունը: «Շատ ցայտուն դրսևորվեց նրա սերն ու նվիրվածությունը հայրենիքի նկատմամբ: Եթե ոմանց մոտ կասկածներ կային, ապա այժմ բոլորը տեսան Սահակաշվիլիի նվիրվածությունը, որին պետք չէ Վրաստանի քաղաքացիություն ունենալ»:
Մայիսի 30-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սահակաշվիլիին շնորհել է Ուկրաինայի քաղաքացիությունը, ինչպես նաև նրան Օդեսայի նահանգապետ նշանակելու մասին որոշում է ստորագրել, ապա Սահակաշվիլիին ներկայացրել է Օդեսայի պաշտոնյաներին:
Վրացական օրենքների համաձայն, այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում անձը մեխանիկորեն կորցնում է Վրաստանի քաղաքացի լինելու իրավունքը: Սրա հետ մեկտեղ, Վրաստանը թույլատրում է երկքաղաքացիություն. երկրորդի՝ Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար անձը պետք է դիմի նախագահին: