Սահակաշվիլին Ուկրաինայի վարչապետ դառնալու հավակնություն չունի
Международные новостиՕդեսայի մարզային վարչակազմի ղեկավար նշանակված Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ այդ պաշտոնը որպես «ցատկահարթակ» օգտագործել Ուկրաինայի վարչապետի պաշտոնն զբաղեցնելու համար, տեղեկացնում է «112» ուկրաինական հեռուստաալիքը:
«Ինչ հիմարություն, ինչ հիմարություն, ես քաղաքական ոչ մի հավակնություն չունեմ Ուկրաինայում»,- ասել է Սահակաշվիլին՝ մեկնաբանելով իր վարչապետական հավակնությունների շուրջ պտտվող լուրերը:
Նա վերստին հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ Վրաստան եւ մասնակցել երկրի քաղաքական գործընթացներին: Սահակաշվիլին այն կարծիքին է, որ Վրաստանի քաղաքացիության կորուստն իրեն չի խանգարի ապագայում վերադառնալ հայրենիք:
«Եթե Վրաստանի ներկայիս նախագահը որոշում ընդունի ինձ երկրի քաղաքացիությունից զրկելու մասին, դա ինձ չի խանգարի ապագայում վերադառնալ հայրենիք, քանի որ նախքան իմ ժամանումը, Վրաստանում ժողովուրդն ինքը որոշում կընդունի ինձ քաղաքացիությունից զրկելը չեղյալ հայտարարելու եւ իմ նկատմամբ քրեական գործերը դադարեցնելու մասին»,- համոզված է նախկին նախագահը:
Նա չի նշել Վրաստան վերադառնալու ժամկետը, բայց ասել է, որ «դա տեղի կունենա անհամեմատ ավելի շուտ, քան ոմանք պատկերացնում են»: Անցյալ տարվա վերջին Կիեւում գտնվող Սահակաշվիլին հայտարարել էր, որ «2015 թվականին մտադիր է վերադառնալ Վրաստան»:
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ երկրի քաղաքացիությունից հրաժարվելու Միխեիլ Սահակաշվիլիի որոշումն անհարգալից վերաբերմուք Է Վրաստանի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: