Էրդողանի դրդմամբ Էսքիշեհիրում հարձակվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակի վրա
Международные новостиԹուրքիայի Էսքիշեհիր քաղաքում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակի վրա անհայտ անձինք հարձակում են գործել:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Կուսակցության անդամ Բարըշ Սուլուն, ով նաև թուրքական մեջլիսի պատգամավոր դառնալու առաջին համասեռամոլ թեկնածուն է, համոզմունք է հայտնել, որ հարձակման սադրիչը եղել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Սուլուն պնդել է, որ հենց Էրդողանի ելույթներից մեկում արված հայտարարությունն է եղել պատճառը, որ սրվեն տրամադրությունները Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ:
Մայիսի 28-ին Էրդողանը ժողովրդի առաջ ունեցած ելույթում ասել էր. «Մենք Էսքիշեհիրում համասեռամոլ թեկնածու չենք առաջադրում: Մենք նման խնդիր չունենք»:
Թուրքիայում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում` 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու: