Արգենտինայում բազմահազարանոց ցույցեր են անցկացվել կանանց սպանությունների դեմ
Международные новостиԱրգենտինայի տարբեր քաղաքներում բազմահազարանոց ցույցեր են անցկացվել՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել կանանց նկատմամբ բռնության խնդրի վրա:
Առավել մարդաշատ է եղել Բուենոս Այրեսի կենտրոնում՝ Ազգային կոնգրեսի շենքի մոտ, կայացած բողոքի ակցիան, որին միացել են հասարակական հայտնի գործիչներ, դերասաններ ու դերասանուհիներ, գենդերային անհավասարության զոհերի ազգականներ, ինչպես նաեւ կանայք, ովքեր տուժել են իրենց ամուսինների կողմից:
Ցույցերի մասնակիցները պահանջել են գործի դնել կանանց նկատմամբ ընտանեկան բռնության դեմ օրենքը, որին խորհրդարանը հավանություն է տվել դեռ 2009 թվականին: Բողոքի ակցիաների կազմակերպիչներն այն կարծիքին են, որ միայն օրենքների խստացմամբ հնարավոր չէ փոխել իրադրությունը եւ առաջարկում են դպրոցներում մտցնել գենդերային բռնության կանխման պարտադիր առարկա:
Պետության ղեկավար Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները նույնպես արձագանքել է ցուցարարների պահանջներին: Նրա խոսքով՝ կանանց նկատմամբ բռնությունը դեռեւս «ավերիչ մշակութային ավանդույթի» մաս է մնում:
Հայրենիքում տեղի ունեցած բազմահազարանոց ակցիաներից մի կողմ չի մնացել նաեւ «Բարսելոնի» փառաբանված հարձակվող Լեոնել Մեսին, ով Facebook-ի իր էջում գրել է, որ «միանում է բոլոր արգենտինացիների պահանջին»: Համանման ցույցեր են անցկացվել նաեւ հարեւան Ուրուգվայում ու Չիլիում:
Ոչ կառավարական կազմակերպությունների տվյալներով՝ 2014 թվականին Արգենտինայում գրանցվել է կանանց ու աղջիկների 277 սպանություն: 80 տոկոս դեպքերում նրանք դարձել են իրենց մերձավոր շրջապատի մարդկանց՝ ամուսինների, փեսացուների կամ նախկին ամուսինների զոհերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: