FIDH-ը ԵՄ երկրների մասնակցությունը Բաքվի եվրոպական խաղերին պայմանավորում է քաղբանտարկյալների ազատ արձակմամբ
Международные новостиԱդրբեջանում Եվրոպական առաջին խաղերի բացումից մեկ շաբաթ առաջ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) կոչ է անում եվրոպական երկրներին՝ իրենց մասնակցությունը Բաքվի խաղերին պայմանավորել քաղբանտարկյալների և ակտիվիստների ազատ արձակմամբ, որոնց սպասում են շինծու մեղադրանքներով դատական նիստեր: «Ստեղծված իրավիճակի համատեքստում եվրոպական երկրների կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությունը խաղերի բացմանը վիրավորանք կդիտվի Ադ րբեջանում ազատությունից զրկված ակտիվիստների և համամարդկային արժեքների նկատմամբ: Ակտիվիստները պայքարում են հենց դրանց համար՝ հարվածի տակ դնելով իրենց ազատությունն և անվտանգությունը»,- ինչպես հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հայտարարել է FIDH նախագահ Քարիմ Լահիջին:
FIDH-ը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների աննախադեպ բռնությունն իր երկրի քաղաքացիական հասարակության նկատմամբ: Հեդերացիան հիշեցնում է, որ նախորդ տարի, Բաքվում կայանալիք խաղերի նախօրեին, ադրբեջանում անկախ հասարակական կազմակերպությունների մեծ մասի ղեկավարները ձերբակալվել են: «Նրանց դատապաշտպանները ենթարկվում են ճնշումների, որոշներն անգամ ձերբակալվել են, քանի որ Ադրբեջանի իշխանությունների նպատակն է ակտիվիստներին զրկել իրավական պաշտպանությունից: Եվրոպական խաղերը կարող են նպաստել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության տագնապալի իրավիճակի հետագա սրմանը, հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների նպատակամղվածությունը՝ օգտվել սպորտային միջոցառումներից՝ երկրի իմիջի բարձրացման համար և դրանով պայմանավորված նաև նույնիսկ ավելի անհանդուժողականություն ցուցաբերել այլախոհների նկատմամբ»,- ասված է ֆեդերացիայի հայտարարության մեջ:
Միաժամանակ, հիշեցվում է, որ 2015 թվականի ապրիլին, խաղերից երկու ամիս առաջ, երկու հայտնի իրավապաշտպաններ՝ Ռասուլ Ջաֆարովը և Ինտիգամ Ալիևը դատապարտվել են համապատասխանաբար 6,5 և 7,5 տարիների ազատազրկման՝ խոսքի ազատության և անկախ դատական համակարգի ստեղծման պայքարի համար: Մի շարք իրավապաշտպաններ էլ ազատազրկվել են դեռևս 2014 թվականին: Նրանց թվում են՝ Արիֆ և Լեյլա Յունուսները, ովքեր հայտնի են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ, անկախ լրագրողներ Խադիջա Իսմայիլովան, Ռաուֆ Միրկադիրովը և Սեյմուր Խազիևը:
«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել քաղաքական ընդդիմությանը: Ընդդիմադիր կուսակցություններին հրաժարվում են գրանցել, իսկ նրանց անդամներին դատապարտում են ազատազրկման՝ արդար դատական քննության բացակայության պայմաններում: 2014 թվականին ընդդիմադիր քաղաքական գործիչներ Իլգար Մամեդովը և Թոֆիկ Յագուբլուն դատապարտվել են համապատասխամնաբար 7 և 5 տարվա ազատազրկման՝ կառավարության նկատմամբ կոշտ քննադատության համար: Վերջերս Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության երկու անդամներ՝ Մուրադ Սդիլովը և Էլվին Աբդուլաևը դատապար տվել են 6 տարվա ազատազրկման՝ քաղաքական շարժառիթներ ունեցող մաղադրանքներով»,- նշված է FIDH-ի հայտարարության մեջ: