ԵԱՀԿ-ի նախագահը Դոնբասի հակամարտության կողմերից պահանջել է ձեռնպահ մնալ ուժի կիրառումից
Международные новостиՈւկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք է հրաժարվեն ուժի կիրառումից, կատարեն Մինսկի համաձայնությունները եւ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը:
Նա մտահոգություն է հայտնել շփման գծում իրադրության սրվելու եւ «կիրառման համար արգելված ծանր սպառազինության օգտագործման, ինչպես նաեւ քաղաքացիական բնակչության բնակության վայրերի համատարած գնդակոծման» կապակցությամբ, ինչը Դաչիչի խոսքով, «Մինսկի համաձայնությունների կոպիտ խախտում է»:
«Բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան ուժի կիրառումից եւ խստիվ պահպանեն հրադադարի ռեժիմն ու Մինսկի համաձայնությունների մյուս դրույթները, ներառյալ ծանր սպառազինությունների անհապաղ հետքաշումը»,- նշել է նա:
Դաչիչը նաեւ կոչ է արել հակամարտության կողմերին՝ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ եւ քաղաքական լուծում գտնել Ուկրաինայի խնդրով շփման խմբի ու նր աենթախմբերի աշխատանքի շրջանակներում: Դաչիչի համոզմամբ՝ «դա անմեղ, խաղաղ բնակիչների տառապանքներին վերջն դնելու միակ հնարավորությունն է»:
Նա նաեւ նշել է հակամարտության գոտում աշխատող ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային առաքելության աշխատակիցների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Դաչիչն ընդգծել է, որ «դիտորդների տեղաշարժման ազատության շարունակվող սահմանափակումներն անթույլատրելի են», քանի որ «լուրջ խոչընդոտ են» հրադադարի պահպանման նկատմամբ մոնիթորինգ իրականացնելու համար:
Ինչպես նշել է ՏԱՍՍ-ը, ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում շփման գծի իրադրության էսկալացում է տեղի ունեցել հունիսի 3-ին, երբ Դոնեցկի մերձակա Մարինկա քաղաքի շրջանում ակտիվ մարտական գործողություններ են գրանցվել ուկրաինացի ուժայինների եւ աշխարհազորայինների միջեւ: