Հարավային Կորեայում աճում է MERS կորոնավիրուսի զոհերի թիվը
Международные новостиՀարավային Կորեայի իշխանությունները հաստատել են եւս մեկ հիվանդի մահը, որը վարակված էր մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսով (MERS), այդպիսով զոհերի թիվը հասել է չորսի, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Կորոնավիրուսի առաջին երկու զոհերի վերաբերյալ տեղեկատվություն էր ստացվել հունիսի 1-ին, իսկ հունիսի 4-ին հայտնի է դարձել այդ հիվանդության պատճառով եւս մեկ մարդու՝ 76-ամյա տղամարդու մահվան մասին, որը կորոնավիրուսով վարակված հիվանդի հետ նույն պալատում Է եղել:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ հաստատվել է այդ հիվանդությամբ վարակվելու եւս հինգ դեպք, այդպիսով հիվանդության հաստատված դեպքերի քանակը հասել է 41-ի: Այն մարդկանց թիվը, որոնց կարանտին է հանձնարարված հիվանդանալու ռիսկի պատճառով, աճել է մինչեւ 1600:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար երկրում արդեն փակվել է ավելի քան 900 դպրոց:
Հունիսի 3-ին Հարավային Կորեայի կառավարությունը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ խմբի ստեղծման մասին: Ենթադրվում է առանձնացնել մի շարք բուժհաստատություններ, ուր կուղարկվեն MERS վիրուսով վարակվածներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: